«Ադրբեջանցիներն Արցախի գազն են անջատում, որպեսզի հայաթափեն Արցախը: Առայժմ դա իրենց չի հաջողվում:
Այդ ընթացքում, ԵՊՀ-ում աշխատակիցների համար այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի ազատվեն նրանցից: Առայժմ դա ԵՊՀ-ում հաջողվում է: Օրինակ՝ երեկ աշխատանքից ազատման վերաբերյալ դիմում են ներկայացրել ԵՊՀ-ի հանրային կապերի և մարքետինգի վարչության գրեթե բոլոր աշխատակիցները: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ ԵՊՀ-ում հաջողվում է իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվում իրականացնել ադրբեջանցիներին: Համենայնդեպս՝ ԵՊՀ-ի ստորաբաժանումներից մեկն արդեն հայաթափվել է:
Հետևենք իրադարձությունների զարգացմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ու շարունակել․
Դե, վարչության ղեկավարն էլ պատասխանել է, որ ճիշտ չեմ ասում՝ վարչությունը միայն 3 անձով է հայաթափվել: Ես, իհարկե, գնահատում եմ վարչության ղեկավարի հայասիրությունը, սակայն եկեք հաշվենք:
Ուրեմն, ԵՊՀ-ի այդ վարչությունում մշտապես աշխատում է 8 անձ: Դրանից բացի՝ կա ևս 2 անձ, որոնք վերջերս են հայտնվել և, որոնց կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններն իրարամերժ են: Վարչությունում մշտապես աշխատողներից 3-ին ազատել են աշխատանքից, իսկ 3-ն ազատման վերաբերյալ դիմում են ներկայացրել: Պարզ մաթեմատիկական հաշվարկով (3+3=6) ստանում ենք, որ վարչությունից 6 անձ պակասել է: Եթե անգամ ընդունենք, որ իրարամերժ տեղեկություններով պայմանավորված կարգավիճակ ունեցող 2 անձն, այնուամենայնիվ, մշտապես աշխատողի կարգավիճակ են ձեռք բերել, ապա ստացվում է, որ վարչությունում մնացել է 2+2=4 աշխատակից: Այսինքն, 6 անձ գնացել է, 2+2 անձ՝ մնացել: Հաշվի առնելով, որ գնացածներց բոլորը հայ են, կրկին փաստում եմ, որ վարչությունը հայաթափվել է:
Բա հայաթափումը հո պոզով և պոչով չի լինում: Այ, եթե բոլորը գնային, ապա դրա անունն այլ կլիներ:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան