Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատերազմին վերջ տալու համար Ռուսաստանի հետ բանակցությունները ծանր են ընթանում, բայց քայլ առ քայլ առաջընթաց կա։
«Մենք շարունակում ենք աշխատել տարբեր մակարդակներով համոզելու Ռուսաստանին գնալ դեպի խաղաղություն, վերջ տալ այս դաժան պատերազմին։ Ուկրաինայի ներկայացուցիչները մասնակցում են բանակցություններին, որոնք տեղի են ունենում գործնականում ամեն օր։ Դրանք շատ ծանր են ընթանում, երբեմն սկանդալային, բայց մենք քայլ առ քայլ առաջ են գնում», — երեկ երեկոյան հրապարակած հերթական տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ այս շաբաթ երեք կարևոր գագաթաժողով է անցկացվելու՝ ՆԱՏՕ-ի, Մեծ յոթնյակի և Եվրամիության, և նա ակնկալում է, որ կլինեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթներ, նոր օգնություն Ուկրաինային։
«Մենք կաշխատենք, մենք կպայքարենք որքան կարող ենք, մինչև վերջ»,-հայտարարել է Զելենսկին։
Բանակցություններին անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այսօր ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։
«Բանակցություններում սկսվել են, դրանք ծանր են ընթանում, որովհետև ուկրաինական կողմը, չնայած կարծես ըմբռնում էր ցուցաբերել, թե ինչ պետք է համաձայնեցվի բանակցությունների ընթացքում, մշտապես փոխում է իր դիրքորոշումը, հրաժարվում իր իսկ առաջարկներից», — ասել է Լավրովը՝ մեղադրելով նաև ԱՄՆ-ին։
Նրա խոսքերով՝ տպավորություն է, որ ԱՄՆ-ին ձեռնտու չէ բանակցային գործընթացի արագ ավարտը, մտադիր են շարունակել զենքի մատակարարումը Ուկրաինային։ «Նրանք ցանկանում են մեզ հնարավորինս երկար պահել ռազմական գործողությունների մեջ»,- ուսանողներին բացատրել է Լավրովը։
Նա կրկին հիշեցրել է ռուսական կողմի կարմիր գծերի մասին, ասելով, թե արևմտյան երկրները ձգտում են միջնորդի դեր խաղալ, Ռուսաստանը դեմ չէ, բայց Մոսկվան բացարձակ հստակ կարմիր գծեր ունի, որոնց մասին ասվում է շատ տարիներ։ «Ռուսաստանին պետք է երկաթբետոնե համաձայնություն Ուկրաինայի հետ, որպեսզի ոչ մեկի մոտ այն խախտելու գայթակղություն չառաջանա»,- ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Ուկրաինա ներխուժելու, ագրեսիայի, պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ միջազգային հանրության կողմից սահմանված և կիրառվող գործողությունների մասին Լավրովն ասել է․ «Ամբողջ աշխարհը, ամբողջ լուսավորյալ Արևմուտքը ֆաս հրաման է ստացել, ռուսական ամեն ինչը ճզմելու և ոչնչացնելու համար»։
ԱՄՆ-ի նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս ասել են, որ չեն միջամտի ռուս-ուկրաինական պատերազմին, որովհետև դա կնշանակի ուղիղ առճակատում Ռուսաստանի հետ, բայց Լեհաստանը մտադիր է հանդես գալ նոր նախաձեռնությամբ։ Անցած ուրբաթ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել է, թե ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում Լեհաստանն առաջարկելու է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա։
Սերգեյ Լավրովը արձագանքելով Լեհաստանի այդ գաղափարին՝ այսօր ասել է․ «Հուսով եմ նրանք հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։ Դա կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զորքերի միջև այն ուղիղ առճակատումը, որից բոլորը ոչ միայն ցանկանում են խուսափել, այև ասել են, որ դա երբեք չպետք է տեղի ունենա»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր հերթական անգամ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ռուս-ուկրաինական պատերազմին չի միջամտի, ինրպես նաև չի պաշտպանում Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելու առաջարկը։
«ՆԱՏՕՆ-ն չի մասնակցի պատերազմին։ Մենք դա պայմանավորվել ենք եվրոպական մեր դաշնակիցների և Միացյալ Նահանգների հետ»,- Բունդեսթագում ասել է Շոլցը՝ արժանանալով պատգամավորների ծափահարություններին։
Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յնես Ստոլտնբերգը այսօր Բրյուսելում ասել է, թե ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում, որ պատերազմը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից։
Դիվանագիտական դեռևս անարդյունք ջանքերն է շարունակում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Նախօրեին նա հերթական հեռախոսազրույցներն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Ելիեսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը Պուտինին հորդորել է դադարեցնել մարտական գործողությունները Ուկրաինայում։
«Չկա որևէ այլ լուծում, քան կրակի դադարեցումը»,- ասել է Մակրոնը Պուտինին։