Արցախում երրորդ օրն է՝ դադարեցված է գազի մատակարարումը։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական կողմի հետ բանակցությունները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բաբայանը։
Ձյան առատ տեղումների պայմաններում Արցախի շուրջ 120 000 բնակչությունը զրկված է կենսական նշանակություն ունեցող գազից։
Արցախում գազի մատակարարումը դադարեցվել էր դեռ մարտի 8–ին, երբ ժամը 1։00–ի սահմանում, ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել էր մայրուղային բարձր ճնշման գազատարը։
Ադրբեջանական կողմը 9 օր խոչընդոտներ էր ստեղծում վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար։ Եվ միայն մարտի 16–ին, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն սկսել էր գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվել էին մարտի 19–ին։
3 օր անց՝ մարտի 21–ին, Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետեւանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։