Ռուսաստանցի անվանի հեռուստալրագրող Ժաննա Ագալակովան, ով վերջին տարիներին Ռուսաստանի Առաջին ալիքի համար ռեպորտաժներ է պատրաստել արտասահմանից, ի նշան բողոքի հեռանում է աշխատանքից:
«Ես հեռացա Առաջին ալիքից հենց պատերազմի առաջին օրը»,- այսօր Փարիզում ասել է Ագալակովան:
Նրա խոսքով, Ռուսաստանում վերջին տարիների ընթացքում սկսել են խեղդել անկախ մամուլը, որը դժվարությամբ է գոյատևում:
Լրագրողն ասել է, թե զրուցել է Առաջին ալիքի ղեկավարների հետ և ասել է, որ այլևս չի կարող աշխատել: Նա չի բացառում, որ հիմա ռուս պաշտոնյաները կդատապարտեն իր այդ քայլը, կանվանեն օտարերկրյա ագենտ:
Ժաննա Ագալակովան ասել է, թե ուզում է, որ Ռուսաստանում լսեն իր որոշման մասին, ուզում է, որ «մարդիկ չզոմբիանան և փորձեն լրատվության այլընտրանքային աղբյուրներ գտնել»:
Լրագրող Ռոման Սուպերն իր Telegram ալիքում հայտնել է, որ լրագրող Վադիմ Գլուսկերը լքել է NTV-ն,
Երկուսն էլ երկար ժամանակ աշխատել են որպես արտասահմանյան թղթակիցներ. Գլուսկերը եղել է եվրոպական աշխատակազմի թղթակից, Ագալակովան նախկինում աշխատել է Նյու Յորքում, իսկ վերջերս նաև սկսել է մասնագիտանալ եվրոպական երկրների իրադարձությունների լուսաբանման մեջ:
Ալեքսեյ Վենեդիկտովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ Վադիմ Գլուսկերն հաստատել է, որ մարտի 2-ից այլևս չի աշխատում NTV-ում։ Վենեդիկտովի խոսքով՝ Գլուսկերն ինքն է հրաժարական տվել։