Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեք զինվոր՝ նույն բակից․ Ջալալ, զինվորը զոհվելուց առաջ քո՛ անունն է տվել. դո՛ւ ես բունկերից հրամանը տվել

3 երեխա՝ նույն բակից։

Ու նորից պատերազմական հանցագործության մասին հաղորդում։
Ջալալ, զինվորը զոհվելուց առաջ քո՛ անունն է տվել, հարազատներին հեռախոսով պատմել է, որ դո՛ւ ես բունկերից հրամանը տվել։ Էդ մանր-մուն ձկներին ու շերեփուկներին որ բռնում, իբր դատում եք, աչքներիս թոզ մի՛ փչեք։ Ես քննություն անցկացնելու համար իրավասու չեմ, ոչ էլ մասնագետ եմ։ Փաստաբաններ, իրավապաշտպաններ, լսե՛ք տղաների հարազատներին, նրանց պատմածներում «գործող անձինք» կան, որ հանգիստ խղճով ման են գալիս։ Հարազատները կպատմեն, թե ոնց են մարտերն անցկացվել. տղաներն են զոհվելուց առաջ ասել, թե որտեղ են գտնվում, ինչ հրաման են ստացել, ինչ վիճակում են։ Սրանք փաստական տվյալներ են, վկայություններ։ Չե՞ք տեսնում, վերևներից ուզում են պատերազմի էջը ոչ թե առհավետ շրջել, այլ պատռել-թափել։

Ես լրագրող եմ ու ի՛մ հետազոտություններ եմ անում, դրանց հիման վրա ի՛մ եզրահանգումներն ունեմ։ Եթե խոշոր ձկները դեռ ազատության մեջ են, անգամ սեփական նախաձեռնությամբ չեն պաշտոնից ազատվել, այլ հանգամանքների բերումով, այսինքն՝ մեղքի զրո գիտակցում ունեն, ուրեմն բոլորդ մեկ եք, մեկիդ պոչը մեկելի տակն է։ Սա կանխամտածված ծրագիր էր։ Բոլորդ կանխամտածված տարել եք էրեխեքին կոտորելու ու մեծ նվիրումով գնացել պարտության։

Ես հակված չեմ որևէ մեկին հանիրավի մեղադրել կամ անմեղ մեղավորներ փնտրել, ոչ էլ դավադրապաշտ եմ։ Ամեն նկարահանումից հետո փորձում եմ ինձ համոզել, որ դե պատերազմ էր՝ անկանխատեսելի։ Պատերազմում ամեն ինչ հնարավոր է, բայց էս աստիճանի «զուգադիպություննե՞ր», էսքա՞ն բարձիթողի, քաոսային վիճա՞կ։ Եթե մարտ ղեկավարել չգիտեիք, եթե ձեր ՎԱՀԱՆԸ 18-20 տարեկան էրեխեքը պիտի լինեին, ի՞նչ գործ ունեիք դուք բանակում։

Ես լրագրող եմ, մայր եմ, ՀԱՅ եմ ու շարունակելու եմ ամեն մի ՀԵՐՈՍԻ սպանության հանգամանքները պարզել։
Իսկ դուք լսեք, տեսեք, թե ում հետ են ուզում խաղաղության դարաշրջան բացել։

Լրագրող Նաիրա Փայտյան

Please enter a valid URL