Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյունը, որը մեկ տղայի կյանք էր խլել, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքից է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը։
«Փլուզումը տեղի է ունեցել կցակառույցում, որտեղ էլ տեղադրված է եղել հեղուկ գազի բալոն։ Տունը, որին կից կառույցն է, գազաֆիկացված է, և այնտեղ գազաֆիկացման նախագծով տեղակայված են սարքավորումները, ինչպես նաև անվտանգության համակարգն է տեղակայված` ամեն ինչ նորմալ է։ Ես նկարներ և վիդեոներ տեսա` կցակառույցում հեղուկ գազի բալոնով գազի կալոնկա է միացրած եղել»,–ասաց Հակոբյանը։
Հակոբյանը հավելեց, որ հավանականությունը բարձր է, որ արտահոսք է եղել, ինչի մասին փաստում է գազի բալոնի վրա եղած սպիտակ հետքը, քանի որ, երբ արտահոսք է լինում, բալոնի վրա ինչ–որ հատված սպիտակում է։
«Հեղուկ գազի բալոնից կամ կալոնկայից է արտահոսք եղել, և կալոնկան պայթյունից մի կողմ է շպրտել»,–ասաց Հակոբյանը։
Նշենք, որ կցակառույցում ապրել են մարտունեցի երկու եղբայրներ, որոնք ուսանողներ են և վարձակալել են այն։ Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ին, մահացած 19-ամյա տղայի եղբայրը տանը չի եղել։
Տուննն ընդհանուր առմամբ չի տուժել, միայն կցակառույցն է ավիրվել։