ՌԴ ՊՆ–ն հստակ տեղեկություն ունի, որ Ուկրաինայի անվտանգության ծառայություն աշխատակիցները Դնեպրոպետրովսկում ականապատել են №2 քաղաքային հիվանդանոցի մասնաշենքերից մեկը և ուզում են պայթեցնել այն, երբ ռուսական ցանկացած ինքնաթիռ անցնի քաղաքի վրայով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մեր հավաստի տեղեկություններով` Ուկրաինայի անվտանգության ծառայություն աշխատակիցները Դնեպրոպետրովսկում տարհանելով անձնակազմն ու բուժառուներին, ականապատել են Նիգոյան փողոցում գտնվող №2 քաղաքային հիվանդանոցի մասնաշենքերից մեկը։ Շենքը նախատեսվում է պայթեցնել այն ժամանակ, երբ, ընդգծում եմ, ցանկացած ռուսական ինքնաթիռ անցնի Դնեպրոպետրովսկի վրայով»,– ասել է Կոնաշենկովը։
Գեներալն առաջին հերթին դիմել է Դնեպրոպետրովսկ ժամանած արևմտյան ԶԼՄ–ների ներկայացուցիչներին` ընդգծելով, որ ռուսական ավիացիան Դնեպրոպետրովսկում հիվանդանոցի և այլ շենքերի խոցման մարտական առաջադրանք չունի և չի ունեցել։
«Կիևի ազգայնական ռեժիմի` մեծ սադրանք իրականացնելու հարցում ձեզ օգտագործելու հերթական փորձը ձախողման է դատապարտված», – հավելել է գեներալը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։