Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 2021թ. ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանին մեղավոր է ճանաչել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար և նշանակել 350.000 դրամ տուգանք:
Ըստ մեղադրանքի` նա Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։ Այս փաստաթղթով Տիգրան Արզաքանցյանը կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել և ներկայացրել է ԿԸՀ։
«Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- ասել է Տիգրան Արզաքանցյանը, փոխանցում է Tert.am-ը։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու, հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գրանցումը, ով այս ընտրություններին մասնակցելու համար ակնհայտորեն լուրջ գումարներ էր ծախսել և ում լուսանկարով պաստառները ընտրությունները դեռ պաշտոնապես չնշանակված, հայտնվել էին Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում։