Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Խրամորթ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։
Վերոնշյալ տեկեկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը երեկ՝ մարտի 16-ին, խմբակցության անդամների հետ եղել էր գյուղում, ասաց՝ նման բան չկա, սակայն այնպես չէ՝ գյուղում ամեն ինչ լավ է:
Նա նշեց՝ մամուլում շատ հակասական տեղեկություններ կային այն մասին, թե գյուղի բնակիչներին տեղահանել են, թե ռուս խաղաղապահները դուրս են եկել Խրամորթից, այդ ամենը տեղում պարզելու համար են Արցախի պատգամավորները որոշել գնալ Խրամորթ:
«Գյուղի տղամարդիկ մարտական պատրաստվածության չեն բերվել, չի կարող բնակիչը մարտական պատրաստվածություն ունենալ, այնտեղ են ռուս խաղաղապահներն ու մեր զինվորականները: Որևէ գործողությունների նախապատրաստում չկա, պարզապես, բոլորն այնտեղ են, որպեսզի պահպանեն գյուղի անվտանգությունը: Այն հատվածը, որտեղ ի սկզբանե տեղակայված են եղել ադրբեջանցի զինծառայողները, շատ մոտ է գյուղին և, հատկապես, մարտի 8-ից սկսած, երբ ադրբեջանական կողմի պահվածքն ավելի ագրեսիվ դարձավ, գյուղի տղամարդիկ որոշեցին իրենց կանանց և երեխաներին գյուղից դուրս հանել՝ տեղափոխելով Արցախի այլ բնակավայրեր՝ ընկերների, բարեկամների մոտ, մինչև որ իրավիճակը կհանդարտվի»,- նշեց պատգամավորը՝ հաստատելով, որ գյուղում մնացել են միայն տղամարդիկ:
Նա նշեց, որ ռուս խաղաղապահներն էլ էին գյուղում և ամենևին էլ չէին լքել այն, այլ՝ ընդհակառակը. «Տեսանք, որ ռուս խաղաղապահները շատ լավ, ամբողջությամբ իրենց գործառույթները իրականացնում են՝ շատ գրագետ, առանց որևէ կոշտ միջոցների»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ երեկվանից այնտեղ են գտնվում նաև «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Ելենա Կիրակոսյանը և Քրիստինե Վարդանյանը:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև մամուլում տարածվող այն լուրերին, թե ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի միջև ներքին համաձայնություն կա՝ Խրամորթը տալ Արցախի գազի դիմաց. «Մամուլում շատ եմ հանդիպում այնպիսի գրառումների, որտեղ ասվում է՝ Արցախի գազի դիմաց Խրամորթն են պատրաստվում տալ, նախ նման առաջարկ կամ քննարկում չկա, երկրորդ, ենթադրենք՝ ամենավատ երազում լիներ նման քննարկում, հավատացե՛ք, Արցախում բոլորը միահամուռ կասեին՝ մենք պատրաստ ենք առանց գազ ապրել և թույլ չէին տա հաստատ՝ նման բան լիներ»,- վստահ ասաց նա:
Վերջինս համոզված է, եթե լիներ բանակցային գործընթաց, ապա ոչ 44-օրյա պատերազմը կլիներ, ոչ էլ այն լարված հոգեվիճակը, որ ունեն սահմանամերձ գյուղերի բնակիչները. «Պիտի լինի այն, ինչը չկար նաև պատերազմի ժամանակ՝ բանակցային գործընթաց: Թե այս իրավիճակը որքան կշարունակվի, չենք կարող ասել, ինչպես որ պատերազմի ավարտի օրը հստակ չգիտեինք, միայն մեկ բան է պարզ, որ զենքերը չեն լռում այնքան ժամանակ, քանի դեռ լռում է դիվանագիտությունը: Սա հերթական անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունների համար փակ է Արցախի հարցը և այդ ամենի հետևանքով է, որ այսօր Արցախը փակուղու մեջ է հայտնվել: Այն սեփական ուժերով և ռուս խաղաղապահների օգնությամբ է կարողանում գոյատևել, որովհետև այն ձայնը, որ մինչ այս իշխանությունները Արցախն ուներ, և այդ ձայնը ՀՀ իշխանություններն էին, ապա հիմա մենք ձայնից զրկված ենք, անգամ, ընդհակառակը՝ ավելի վատ «նոտաներ» են գալիս ՀՀ իշխանություններից»,- նշեց պատգամավորը:
Մետաքսե Հակոբյանի միակ հույսն այն է, որ այս ամենից հետո գոնե Արցախում իշխանությունները «խելքի կգան». «Կարծում եմ, որ մեր իշխանությունները, բացի ՀՀ իշխանությունների հետ ձևական ձեռքսեղմումից, նաև ինչ-որ պահանջներ կկարողանան ներկայացնել, քանի որ Արցախի հարցը անձի հարց չէ, այլ՝ ամբողջ ժողովրդի: Նույնիսկ այս իրավիճակում արցախցու ոգին տեղում է, նրանք ասում են, որ, ապրելով գյուղում, պետք է ցույց տան՝ չեն կոտրվելու և չեն տրվելու ադրբեջանցիների սադրանքներին»,- եզրափակեց նա: