Հայաստանյան քաղհասարակության մի քանի կազմակերպությունները Արցախյան 44-օրյա պատերազմում վարձկանների օգտագործման մասին զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ին։
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» հաղորդմամբ, զեկույցում ներկայացված ապացույցները վկայում են, որ սիրիացի վարձկանները Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել են Ադրբեջան արցախահայության դեմ կռվելու համար, և նրանք մարտական գործողություններին մասնակցել են՝ նյութական շահագրգռվածությունից ելնելով, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։
ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ներկայացված զեկույցում քաղհասարակության կազմակերպությունները, նրանց թվում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը», «Թրանսփարանսի ինտերնեյշնլը», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և ևս հինգ ՀԿ-ներ, նշել են, որ Լեռնային Ղարաբաղում վարձկանների կիրառման զոհ են դարձել ինչպես հայ զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ տարեցներ, որոնք չեն կարողացել լքել մարտական գործողությունների վայրերը։
Քաղհասարակության անդամները նաև առաջարկել են զեկույցում տեղ գտած տեղեկությունը փոխանցել ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանին և Թուրիքային, վարձկաններ կիրառած այլ երկրներին պատասխանատվության և արդարադատության կանչելու համար։
Զեկույցի կազմման աշխատանքերին մասնակցած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքվեցինք՝ ի՞նչ ակնակլիքներ ունեն միջազգային հանրությունից։ «Ոչ թե դիմում ենք ակնկալիքների նպատակով, այլ գտնում ենք, որ պետք է հասնենք միջազգային մակարդակում օրակարգային հարց դնելուն, որպեսզի այդ միջազգային հանցագործություն համարվող գործողությունը քննության առարկա դառնա և այդ վարձկաններին Արցախի դեմ պատերազմական գործողություններում ներգրավելու համար պատասխանատուները արժանանան համապատասխան իրավական գնահատականի», — ասաց իրավապաշտպանը։
«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ» փաստահավաք զեկույցը մշակվել է մի շարք հետազոտությունների, այդ թվում՝ մի խումբ իրավապաշտպանների կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո իրականացված դաշտային աշխատանքների շրջանակում ձեռքբերված ապացույցների հիման վրա:
Քաղհասարակության ներկայացուցիչները նաև ընդգծում են, որ կողմերի միջև հավասարության նշան դնելով՝ ՄԱԿ-ը և մյուս միջազգային կառույցները ավելի են խորացնում անպատժելիության մթնոլորտն ու սահմանափակում զոհերի համար փոխհատուցման հնարավորությունները։