«Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ: Սա առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին»,-այսօր Կենտրոնական բանկում տեղի ունեցած ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Սակայն, ըստ նրա, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներից կան դրական սպասելիքներ: ԿԲ նախագահի խոսքով՝ աշխարհում տիրող անորոշությունը մեր երկրում էլ բերել է գնաճ: Այս իրավիճակից ելնելով՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել մեծ քայլով՝ 1.25 տոկոսային կետով, բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%: ԿԲ նախագահից հետաքրքրվեցին՝ արդյոք ճնշումներ կա՞ն Կենտրոնական բանկի վրա՝ միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
Մարտին Գալստյանն ասաց, որ հետեւելու են միջազգային պատժամիջոցների ռեժիմին. «Մեր այսօրվա առաքելության հիմնական նպատակը Հայաստանի ֆինասական համակարգն անաղարտ պահելու մեջ է կայանում»:
Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյո՞ք «Վիզա» եւ «Մաստեր» քարտերը մեր երկրում ունեն խնդիրներ, թե՞ ոչ, ԿԲ նախագահն ասաց՝ ունեն մեկ օրինակ, երբ կոնկրետ բանկն է գտնվում պատժամիջոցների «սեւ ցուցակում». «Մնացած դեպքերում, դրանք բնականոն սպասարկվում են, որեւէ խնդիր չկա, երկու համակարգերն էլ բանկերը նորմալ սպասարկում են:
«Յունյոն փեյի» մասին էլ կդժվարանամ կոնկրետ պատասխան տալ, որովհետեւ, դրամավարկային նիստ է, բայց, ամեն դեպքում, այն կա: Եթե չեմ սխալվում՝ մեր «Ակբա» բանկը համաձայնագիր ունի, բայց՝ արդյոք քարտերը առանձին Հայաստանում գործո՞ւմ են, թե՞ ոչ, հետո կտեղեկացնենք»: