Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ. Պետրոսյանն ու ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ, 25-ամյա Հարություն Պետրոսյանը և 50-ամյա Հովսեփ Պետրոսյանը օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները ազգականներ են, ճանապարհն էլ եղել է անցանելի։