Ուկրաինայում հատուկ գործողության սկզբում Ռուսաստանի նախագահը հանձնարարել է միանգամից չգրոհել քաղաքները, այդ թվում Կիևը՝ այնտեղ զենքի առկայության պատճառով։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն Ուկրաինայում հատուկ գործողություն իրականացնելու համար ունի անհրաժեշտ ներուժ, այլ երկրներին չի դիմել ռազմական օգնության համար։
Դոնեցկում ուկրաինական զորքերի` «Տոչկա-Ու»-ով հարձակման հետևանքները` լուսանկարներով
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ՌԴ զինված ուժերը չեն բացառում Ուկրաինայի խոշոր բնակավայրերը լիարժեք վերահսկողության տակ վերցնելը՝ միաժամանակ ապահովելով բնակչության առավելագույն անվտանգությունը։
Կրեմլը չի հայտնել հատուկ գործողության ավարտի ժամկետը։ Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի ապառազմականացման վերաբերյալ Ռուսաստանի բոլոր ծրագրերը կիրականացվեն նախապես հաստատված ժամկետներում։
Մեկնաբանելով այսօր Դոնեցկի հրթիռակոծությունը՝ Պեսկովն ասել է, որ հարձակումն իրականացվել է խաղաղ բնակչության վրա։
«Այսօր շատ ողբերգական լուր եկավ Դոնեցկից, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի արձակված հրթիռից ավելի քան 20 խաղաղ բնակիչ է զոհվել։ Ուկրաինան, ըստ երևույթին, գործում է արտերկրի իր տերերի հուշումներով և մեթոդներով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։