Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաեւան։
«Երկու երկրները կարող են այս սկզբունքների հիման վրա խաղաղության համաձայնագիր կնքել ինտենսիվ, բովանդակային, առարկայական բանակցությունների միջոցով»,- ասել է նա։
Աբդուլլաևան նշել է ՀՀ-ին առաջարկված 5 կետերը, դրանք են․
1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
2. Պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
3. Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,
4. Սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում.
5. Տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։