Search
Close this search box.

Պետությունը պետք է առաջնահերթություն տա բարձրաճաշակ մշակույթին. Արման Կարապետյան

Հեղինակ-կատարող, լրագրող  և  հաղորդավար  Արման  Կարապետյանը, ով  հանրությանը  հայտնի  է  Արմանի  բեմական  անունով, արդեն  երկար  տարիներ   ծավալում  է  ակտիվ  գործունեություն: Նա  դպրոցական  տարիներից  սկսել  է  ստեղծագործել՝  գրելով  բազմաթիվ  բանաստեղծություններ, պատվածքներ, ասույթներ, երգեր, որոնց  հետագայում  գումարվել  է  լրագրողական  և  հաղորդավարական  գործունեությունը: 2004 թվականին  ընդունվել  է  Երևանի  Հյուսիսային  համալսարանի  Լրագրության  ֆակուլտետ, սակայն  2005-ին  ուսումը  կիսատ  թողելով,  զորակոչվել  է  ՀՀ ԶՈՒ՝ որպես  ժամկետային  ծառայող: 2007-ին,  հայրենիքի  հանդեպ  իր  պարտքը  կատարելուց  հետո,  շարունակել  է  ուսումը  և  2010-ին՝  ավարտել  համալսարանը: Նույն  թվականին  ընդունվել  է  Երևանի  Էստրադային  և  ջազային  արվեստի  պետական  քոլեջի  <<Էստրադային  երաժշտարվեստ>>  բաժին: Կոմպոզիտորական  մասնագիտական  դասերն  անցել  է  կոմպոզիտոր  Ռոբերտ  Ամիրխանյանի  մոտ:

Արմանին  2004  թվականից  սկսած  աշխատել  է  տարբեր  թերթերում,  կայքերում, ամսագրերում, ինչպես  նաև   հեռուստատեսությունում՝  որպես  լրագրող, ֆոտոլրագրող, էջի  պատասխանատու, ադմինիստրատոր. բազմաթիվ  հոդվածների, հարցազրույցների  և  լրագրողական  տարաբնույթ  նյութերի  հեղինակ  է: Մշտապես  նախաձեռնում  և  իրականացնում  է  բազմապիսի   մշակութային  միջոցառումներ, որոնց  մասնակից  են  դառնում  արվեստի  ոլորտի  տարբեր  ներկայացուցիչներ: Բազմիցս  համերգներով  շրջագայել  է Հայաստանի  մարզերում, Արցախում  և  մեր  սահմաններից  դուրս:

Արմանին  ծավալում  է  նաև  ակտիվ  հասարակական  գործունեություն՝  արդեն  շուրջ 10 տարի  համագործակցելով  բազմաթիվ  հասարակական  կազմակերպությունների  հետ: Ըստ  այդմ  էլ՝ ակտիվ  գործունեության  համար  նա  պարգևատրվել  է  հայաստանյան, արցախյան  և  միջազգային  բազմաթիվ  շնորհակալագրերով, պատվոգրերով, դիպլոմներով, մրցանակներով, անվանական  նվերներով, մեդալներով  և  այլ  տարատեսակ  պարգևներով:

Ի  վերջո՝  Արմանին  այն  երիտասարդ  արվեստի  գործիչներից  է, ում  մասին  քիչ  է  խոսվում, սակայն անհամեմատելի  շատ  է  նրա  կատարած  աշխատանքը:

-Արմանի, ըստ  Ձեզ, ի՞նչն  է  պատճառը, որ  մեր  օրերում  գրեթե  չեն  լուսաբանվում  Ձեր  նման  ակտիվ  երիտասարդների գործունեությունները:

-Պատճառները  շատ  են. անդրադառնամ  դրանցից  մի  քանիսին: Նախ  այսօրվա  լրագրողների  գերակշիռ  մասն  անգրագետ  են, անգամ  չգիտեն  հայոց  լեզու  և  չունեն  տարրական  լրագրողական  գիտելիքներ, էթիկա  ու  հմտություններ: Սոցիալական  ցանցերում  ամեն  մի  կարգավիճակ  թարմացնող  մարդ  չպետք  է  իրեն  համարի  լրագրող  ու  խեղաթյուրի  ամեն  ինչ: Այս  ամենի  հետևանքով  էլ՝  հաճախակի  ինքս  հրաժարվում  եմ  հարցազրույցներից, քանի  որ  միշտ  չէ,  որ  ասելիքս  հավուր  պատշաճի  հասնում  է  հասցեատերերին: Բացի  այդ  էլ՝ մեր  օրերի  զանգվածային  լրատվամիջոցների  զգալի  մասը  ձգտում  է  ամեն  գնով  դիտումներ  հավաքել, որի  արդյունքում  էլ՝  մեծապես  տուժում  է  մատուցված  նյութի  որակը:

Մեզ  արդեն  վաղուց  հայտնի  պատճառով՝  գրեթե  մշտապես  եթերներում  են  հայտնվում  նույն  մարդիկ, որոնց  նույնօրինակ  ու  անորակ  գործունեությունն  արդեն  վաղուց  հոգնեցրել  ու  ձանձրացրել  է  մեր  ժողովրդի  զգալի  հատվածին: Նույն  <<Ճաշը>>  մարդ  չի  կարող  ամեն  օր  ուտել. նույնիսկ  շատ  համեղ  լինելու  դեպքում՝  այն  դառնում  է  տհաճ  և  ձանձրալի:

-Չե՞ք  կարծում, որ  մի  գուցե  որակյալ  ստեղծագործությունները  կոմերցիոն  չեն:

Չկա  այդպիսի  բան:  Իմ  ստեղծագործությունների  օրինակով   ասեմ, որ  թե՛  Հայաստանում, թե՛ մեր  երկրի  սահմաններից  դուրս,  հեղինակային  երգերս  շատ  լավ  ընդունվել  և  ընդունվում  են  հասարակության  մեծ  մասի  կողմից: Անգամ  ռեստորանային  սրահներում՝  միշտ  հանդես  եմ  գալիս  իմ  երգացանկով. որակային  և  բովանդակային  փոփոխություն  չի  լինում:

Մեր  կատարողների  մեծ  մասը  մշտապես  մեղադրում  է  ժողովրդին՝  անճաշակության  մեջ, սակայն  այդպես  չէ  բնավ, մենք  ունենք  հանրության  հսկայական  հատված,  ովքեր  շատ  բարձրաճաշակ  անձնավորություններ  են:  Խնդիրն  այն  է, որ  մեր  պետության  վճարունակ  հատվածի  մեծ  մասն առաջնահերթություն  է  տալիս  վատորակ  մշակույթին, բայց  պետք  չէ  նրանց  խիստ  դատել, քանի  որ  միշտ  չէ, որ  գրպանի  պարունակությունը  ճաշակ  է  ստեղծում: Ի  վերջո՝  որակյալ  արվեստի  նմուշ  ստեղծելը  բավականին  ժամանակատար  է  ու  դժվար, ուստի  ոլորտի  ծանրակշիռ  հատվածը  վազում  է   հեշտ  ստեղծվող, անորակ  և  մատչելի  բաների  հետևից:

 -Իսկ  պետությունը  կարո՞ղ  է  կարգավորել  ստեղծված իրավիճակը:

Իհարկե  կարող  է, քանի  որ  ունի  բազմաթիվ  լծակներ, սակայն  անկախությունից  ի  վեր`  շարունակվում  են  տհաճ  երևույթները: Մոտ  երկու  տասնամյակ  առաջ՝  մեր  ասպարեզում  կար  որոշակի  որակյալ  իրավիճակ, բայց  մոնոպոլիզացված  էր  ոլորտը:  Հիմա  կրկին  մոնոպոլիզացված  է, ուղղակի  գերակշռում  է  անորակությունը:

Դրական  երևույթ  եմ  համարում   համացանցի  շնորհիվ  արվեստի  տարածումը, որը  մեր  պետական  կաթսայից  սնվող  <<մրցակիցները>>  չեն  կարողանում  այլևս  վերահսկել  կամ  սահմանափակումներ  անել, ըստ  այդմ  էլ  հանդիսատեսը  տեսնում  է, որ  մշտապես  գովազդվող  անճաշակների  ու  անտաղանդների  կողքին  կան  նաև  համեստ  հնարավորությունների  տեր  շնորհալի  անհատներ:

Քաջապես  գիտակցում  և  ընդունում  եմ, որ  երաժշտական   բոլոր  ուղղություններն  էլ  իրավունք  ունեն  գոյություն  ունենալու, սակայն  պետությունը  պետք  է  առաջնահերթություն  տա  բարձրաճաշակ  մշակույթին, որպեսզի  մերօրյա   էժանագին  <<տոնավաճառներում>>  չկորցնենք    մեր  արվեստի  անգին  գոհարները  և  իհարկե   նորօրյա  ստեղծագործողների  համար  պետք  է  ճանապարհ  հարթել: Որպես  օրինակ  էլ  նշեմ,  որ  թուրքական  վերափոխված  երգեր  կատարողներին  պետական  բարձր  կոչումներ  կամ  պարգևներ  հանձնելն  ինձ  համար  զարմանալի  և  անհասկանալի  երևույթ  է. եթե  մենք  շարունակեինք  գտնվել  Օսմանյան  կայսրության  տիրապետության  ներքո՝  մի  գուցե  հասկանայի  ու  ընկալեի  այս  երևույթը:

-Հայ  կատարողնրից  ո՞ւմ  արվեստն  եք  ամենաբարձրը  գնահատում:

Հայկական  երգարվեստում  ամենաբարձրը  գնահատում  եմ  Սիրուշոյի  կատարած  ազգանվեր  աշխատանքը: Նա  մշտապես  հիացնում  է  իր  գրագիտությամբ, ճաշակով,  նրբագեղությամբ, հայեցիությամբ  և  ստեղծագործական  ուրույն  տեսակով: Շատ  քչերին  է  հաջողվում  պահպանել  ազգայինը՝  նրբորեն  համալրելով  այն  ժամանակի   ու  նորաձևության  նորամուծութուններով. նրա  մոտ  դա  գերազանց  է  ստացվում:

Կան  էլի  շատ  տաղանդավոր  անձնավորություններ, բայց  ինձ  համար  Սիրուշոն  բոլոր  առումներով  առաջատար  է  և  շատ  լուրջ  <<այցեքարտ>>՝  աշխարհին  պատվով  ներկայանաու  համար:

-Ձեզ  արվեստի  ոլորտում  գնահատված  համարո՞ւմ  եք:

-Անկասկած  այո՛: Ունեմ   բազմաթիվ  պարգևներ,  սակայն   ինձ  համար  ամենաբարձրագույն  գնահատականը՝  հանդիսատեսի  գերակշիռ  հատվածի  դրական  վերաբերմունքն  է: Ի  վերջո՝ կարևորը  որակյալ  և  մնայուն  արժեքներ  թողնելն  է  պատմության  մեջ, մնացյալը  ժամանակային  խնդիրներն  են: Ինչքան  էլ  իմ  առջև   դռներ  փակեն,  միևնույնն  է  իմ  համառությամբ  ու  համբերատարությամբ  կկոտրեմ  բոլոր  էժանագին  կարծրատիպերը:

-Ամփոփելով  տարին՝ կցանկանայի  խոսեք  ապագա  ծրագրերի  մասին:

Տարին  լի  էր  բազմաթիվ  փորձություններով  և  կորուստներով, սակայն   կարողացա  իմ  մեջ  ուժ  գտնել  և  շարունակել  ստեղծագործական  աշխատանքով  զբաղվել: Ինչպես  միշտ՝  անկախ  ամեն  ինչից   ունեցա  հագեցած  և  բեղմնավոր  տարի, ինչի  համար  իհարկե  շնորհակալ  եմ  Աստծուն: Ցանկանում  եմ, որ  հաջորդ  տարում  և  իհարկե  առհասարակ  բոլորս  ինքնամաքրվենք  և  ի  սկզբանե  շտկենք  մեր  թերի  կողմերը, ինչը  որ  ես  մշտապես  փորձում  եմ  անել:

2018-ին կշարունակեմ   համագործակցությունը  ֆրանսիահայ  տաղանդաշատ  ռադիոհաղորդավար  Արտակ  Թադևոսյանի  հետ՝  շարունակելով  իրականացնել  բազմաբովանդակ  մշակութային  ծրագրեր: Իմ  սիրելի  հանդիսատեսի  համար էլ պատրաստել  եմ  բազմաթիվ  հետաքրքիր  անակնկալներ, որոնց  մասին  աստիճանաբար  կտեղեկացնեմ:

Մեր  հերոսածին  ընտանիքների  գլխավորությամբ՝  շնորհավորում  եմ  ամբողջ  աշխարհասփյուռ  հայերի  Ամանորը  և  Սուրբ  Ծնունդը  և  մաղթում՝  հարատև  խաղաղություն:

Հասմիկ  Մկրտչյան

Please enter a valid URL