Search
Close this search box.

Պուտինը երբեք չի հաղթի Ուկրաինայում. Բայդեն

Նախագահ Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ վճռականությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում և ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք, երբեք» չի հաղթի այդ երկրում, գրում է golosameriki.com-ը:

«Ուկրաինան երբեք, երբեք չի դառնա Պուտինի հաղթանակը»,- ասել է ԱՄՆ նախագահը Կոլումբիայի առաջնորդ Իվան Դուկեի հետ Սպիտակ տանը բանակցություններից առաջ։

Նա հիշեցրել է, որ այս պահին ԱՄՆ-ն արդեն մեկ միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային որպես անվտանգության ապահովման հարցում աջակցություն։

«Եվ հենց այս պահին պաշտպանական տեխնիկայի նոր խմբաքանակներ են ուղարկվում այնտեղ»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները «խաթարում են ռուսական տնտեսությունը, իսկ ռուբլին արդեն կորցրել է իր արժեքի կեսը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Please enter a valid URL