Search
Close this search box.

Հրետակոծություն Դոնբասում. ուկրաինական զորքը «Գրադ» է կիրառել

Ուկրաինական զորքն այսօր առավոտյան «Գրադ» համակարգից ևս 40 հրթիռ է արձակել Գորլովկայի ուղղությամբ, ինչպես նաև գնդակոծել է Օզերյանովկա բնակավայրը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի ԴԺՀ ներկայացուցչությանը։

Նշվում է, որ հրետակոծությունները գրանցվել են ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով` 09:00-ին): Ուկրաինական զորքը Գորլովկա բնակավայրի ուղղությամբ 40 հրթիռ է արձակել «Գրադ» համակարգից, Օզերյանովկայի ուղղությամբ 30 կրակոց է արձակել զենիթային համակարգից։

ԼԺՀ ներկայացուցչությունն էլ հայտնել է, որ ուկրաինական զորքը չորս անգամ գնդակոծել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության երեք բնակավայրերը:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:

Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։

Please enter a valid URL