Search
Close this search box.

«Ժողովուրդ». Դասընթացների «զիբիլի» թեմայով. իշխանությունները գումարներ են լվանում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարչապետ Կարեն Կարապետյանի «Մաքուր Հայաստան» ծրագիրը սկզբում քմծիծաղով ընդունվեց, երբ պարզ դարձավ, որ գործադիրը նաեւ աղբահանությամբ է զբաղվելու: Պարզվում է, սակայն, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իշխանությունները պարզապես գումարներ են լվանում, ֆինանսական միջոցներն անտեղի վատնում:

Մասնավորապես կառավարությունը, հանձին Արմավիրի մարզպետարանի, Չեխիայի Հանրապետությունից 4 մլն 300 հազար դրամի աջակցություն է խնդրել, որպեսզի այնտեղ աղբահանության տեսակավորման թեմայով դասընթացներ կազմակերպվեն: Սա ամենեւին էլ նախատոնական հումոր չէ, ոչ էլ անեկդոտ: ՀՀ կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է հաստատել Չեխիայի դեսպանատան կողմից ֆինասավորված եւ Արմավիրի մարզպետարանի կողմից կազմակերպված «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների եւ քարոզչության ծրագրի նախահաշիվը. այդ հարցն ընդգրկված է օրակարգում:

Նման դասընթացների արդյունավետությունը դժվար չէ կռահել. իրականում այսպես հերթական գումարներն են քամուն տրվելու: Հետո, համաձայնեք, ամոթ է, որ արդեն իշխանությունները գումար են մուրում նման թեմաներով դասընթացների համար, եւ սա այն դեպքում, երբ, օրինակ, ԱԺ նախկին փոխխոսնակը 2 մլն դրամ է ծախսում բջջային հեռախոսի համար (այն էլ՝ պետբյուջեից):

Իսկ ժամանակին հասարակությունը ծիծաղեց, երբ լսեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կովը կթելու, իսկ մինչ այդ կովի կուրծքը գոլ ջրով լվանալու եւ փափուկ սրբիչով չորացնելու մասին դասախոսություններ էր անում:

Ի դեպ, որպես պետական քարոզչություն՝ հանրային հեռուստաընկերությունը սոցիալական գովազդ է անում, թե «աղբի տեղը աղբամանն է», բայց Արմավիրում, փաստորեն, աղբամաններ են փնտրում, որ տեսակավորեն աղբը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL