Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել իր հարաբերությունները Հայաստանի հետ և օգնել Հայաստանին ավելի զարգանալու և աշխարհին բացվելու գործում: Այդ մասին Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար:
Դեսպան Անն Լույոն ընդամենը վեց ամիս է՝ ինչ աշխատում է Հայաստանում, բայց արդեն հասցրել է սիրել մեր երկիրը: Ասում է՝ «Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում»:
Արձանագրելով, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանն առերեսվել է բազում բարդ մարտահրավերների, Ֆրանսիայի դեսպանը շեշտում է, որ Հայաստանը նաև մեծ հնարավորությունների երկիր է, և իր դերը ֆրանս-հայկական հարաբերությունների բոլոր դերակատարներին մոբիլիզացնելն է, որպեսզի Հայաստանը բացվի աշխարհի համար և ավելի դրականորեն առերեսվի իր ապագային:
Դեսպան Լույոն խոսեց տարբեր ուղղություններով հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան ցանկանում է էլ ավելի ամրապնդել տնտեսական փոխգործակցությունը Հայաստանի հետ և օգնել Հայաստանին էլ ավելի զարգանալու և աշխարհին բացվելու գործում: Այս հարցում կարևոր դեր կարող է խաղալ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված հավակնոտ ճանապարհային քարտեզը:
Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից Անն Լույոն առանձնացրեց հատկապես կրթությունն ու մշակույթը, նորագույն և բարձր տեխնոլոգիաները, տնտեսական փոխգործակցությունը, միջհամայնքային՝ ապակենտրոնացված համագործակցությունը և տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունը:
Ֆրանսիայի դեսպանը անդրադարձավ նաև տարածաշրջանային հակամարտությունների դադարեցման և խաղաղ կարգավորման հարցերին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և ռուս-ուկրաինական պատերազմին:
Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ցանկանում է շարունակել իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ, բայց քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքին, այդ իսկ պատճառով Փարիզը փորձում է հայ-ադրբեջանական երկխոսության ապահովման այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով: