Խաղաղության դարաշրջան:
Խաղաղության դարաշրջանը չի լինելու: Պետք չի շատ խելացի լինել հասկանալու համար, որ խաղաղությունը անիրատեսական օրակարգ է: Այն ինչ կատարվում է այսօր Ռուսաստան-Ուկրաինա, կամ որ ավելի ճիշտ է Ռուասատան-Արևմուտք, դիմակայության շուրջ շատերիս համար ակնհայտ է դարձնում հետևյալը. երկրների քաղաքացիները պատերազմ չեն ուզում, բայց պետությունը իր երկարաժամկետ` ռազմավարական նպատակների համար գնում է կտրուկ ու ցավոտ որոշումների ճանապարհով, ամեն մեկն ունենալով ապագայի իր պատկերացումները, և այդ ապագայում իր այսօրվա քայլերի արդարացված լինելու համոզմունքը:
Մի քանի օր առաջ, «ազգընտիրներից» մեկը ԱԺ ամբիոնից հուզումնախառը ու պաթետիկ տոնով խաղաղության դարաշրջանի օրակարգը հերթական անգամ արդարացնելու համար հեռարձակում էր մի դրվագ, որ գյուղերում, իրենց քաղաքական խմբին ձայն տված մշակը մոտենում ու խնդրում արագ հաստատել «խաղաղության դարաշրջանը» որպեսզի ինքը կարողանա ծրագրել իր ապագան: Ապագա կա, կա ապագա, սա շատ պարզ բանաձև է, եթե մենք ներկայում ենք բնական է ապագա կա:
Բայց ինիպիսին է լինելու այդ ապագան, միթե խաղաղ: Ոչ ոք ու երբեք, չի կարող խաղաղություն երեշխավորել: Խաղաղության երաշխավորը պայմանագրերը, համաձայնությունները ու որ ամենակարևորն է բարի ցանկությունները չեն: Խաղաղությունը միշտ ունի իր գինը, կամ վճարում ես դրա համար. լինի դա հարկի, սեփական ազդեցության, սուվերենության, արյան գնով, կամ ունենում ես բավարար ուժ և ազդեցություն այն պարտադրելու համար:
Պետությունը չի կարող բավարարել իր բոլոր քաղաքացիների ցանկությունները, բայց երբ իշխանությունը ասում է որ «ապագա կա», այդ ապագայի պատկերացումների, կամ իրողությունների մասին պետք է անկեղծ լինի հանրության հետ: Վարդագույն ակնոցներ հագցնելը հանրությանն ու ասելը, որ խաղաղության դարաշրջան ենք բացում, որ ապագա կա ու նմանատիպ բոլոր օրակարգերը հանրության ինքնապահպանման բնազդները բթացնելու նպատակ են հետապնդում: Եվ ամենակարևորը, մենք այդպես էլ հստակ չգիտենք թե ինչ են բանակցում այդ խաղաղության դարաշրջանի համար, ինչով ենք մենք վճարելու այդ խախաղության դիմաց:
Հարություն Բերբերյանի ֆեյսբուքյան էջից