Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանի «բացահայտումները». պատերազմի ու պարտության պատճառների մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան մտավորականների խմբին ընդունած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով 2020-ի պատերազմի մասին, իր վերլուծությունն է ներկայացրել պատերազմի ու պարտության պատճառների մասին։ Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից առաջ էինք մենք պարտված, քանի որ պարտվել էինք դեմոգրաֆիական «պատերազմում»․

«Եթե ունենայինք 250-300 հազար բնակչություն, հաստատ չէինք պարտվի»։ Եվ սպառազինությունների մոդեռնացման հարցում էինք ահռելի հետ մնացել աշխարհից։ Իսկ հոկտեմբերի 3-ին ինքը վերջնականապես հասկացել է, որ պարտվում ենք, եւ ահազանգել է այդ մասին, բայց իրեն չեն լսել։ Ներկաները նաեւ հարցեր են տվել, թե ով իրեն ինչպես է պահել պատերազմի օրերին, ով ինչ դերակատարում է ունեցել պատերազմը վարելու հարցում։ Արցախի նախագահը երկու անուն է հնչեցրել՝ իր հիացմունքը հայտնելով այդ անձանց մասին՝ ասելով, որ ինքն այդ օրերին իր համար «բացահայտում» է արել։

Մեկը, ըստ Արայիկ Հարությունյանի, Սեյրան Օհանյանն է, ով ամեն օր իր կողքին է եղել՝ «փոքր երեխու նման, ինչ խնդրել եմ, արել է»։ Իսկ երբ մի քանի օր լուր չեն ունեցել Սեյրան Օհանյանից, ով Շուշիում է եղել, եւ մտածել են, որ նա գերի է ընկել կամ զոհվել, անգամ արտասվել է։ Երկրորդ անձը, որին «բացահայտել» է Արցախի նախագահը, Արգիշտի Քյարամյանն է եղել, ով նույնպես իրեն զարմացրել է իր հայրենասիրությամբ եւ նվիրվածությամբ։ Իսկ Քյարամյանի անվան հետ կապվող՝ ինկասացիայի մեքենայով փողերը Շուշիից դուրս բերելու թեման ամբողջովին հորինված թեմա է, որովհետեւ Շուշիի բանկերը դեռ նախորդ օրերին էին գումարները հանել Շուշիից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL