Ուկրաինայից այս պահին մարդկանց, այդ թվում՝ հայերի տարհանման համար տարբեր ճանապարհներ կան, որից մեկը գնացքն է, որն աշխատում է ամեն օր՝ սպասարկելով օրական մի քանի ուղղություն։ Ճիշտ է՝ ճանապարհը շատ դժվար է, երկար և ոչ հարմարավետ, բայց, ամեն դեպքում, շատ հայ ընտանիքներ, արդեն իսկ, գնացքով մեկնել են Լվով, շատերը մնացել են երկրի արևմտյան շրջաններում, ոմանք էլ այնտեղից մեկնել են եվրոպական երկրներ կամ պատրաստվում են վերադառնալ հայրենիք,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը՝ խոսելով Ուկրաինայում գտնվող հայազգի բնակիչների տարհանման խնդիրների մասին։
Նրա փոխանցմամբ՝ հեռանալու համար կա նաև մեքենայի ճանապարհ. «Բոլոր նրանց համար, ովքեր ունեն սեփական օգտագործման փոխադրամիջոց, կա նաև այս տարբերակը, սակայն, սա խիստ վտանգավոր և անհարմար միջոց է՝ լքելու տարածքը։ «Երկրի արևմտյան մասեր հասնելու համար մեքենայի ճանապարհով Խարկովից մինչև Լվով երեքից չորս օր է տևում, բայցի այդ՝ գոյություն ունեն պարետային ժամեր, որի ընթացքում մեքենայով երթևեկելն, ուղղակի, անհնար է դառնում», — նշել է նա։
Խոսելով Խարկովում այս պահի դրությամբ մնացած հայ ընտանիքների մասին՝ Համլետ Հովհաննիսյանը նկատում է՝ հայ համայնքից շատերն են փորձում տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր, հենց հիմա էլ կան որոշ ընտանիքներ, որոնք դեռևս միջոց չեն գտել՝ քաղաքը լքելու համար. «Մենք նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք, օգնում ենք, տեղեկատվություն ենք տրամադրում, թե ի՞նչ մեթոդներով կարող են դուրս գալ քաղաքից, անհրաժեշտության դեպքում՝ էվակուացման հարմար տարբերակներ ենք փնտրում, եթե կարիք կա՝ պարեն և դեղորայք ենք տրամադրում»։