ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ՝ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 350 մլն ՀՀ դրամի գույքը:
Մասնավորապես, Ա. Համբարձումյանը Իտալիայի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության` կահույքի արտադրությամբ զբաղվող առաջատար մի շարք ընկերություններից գնել և 2017-2018 թվականներին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ավելի քան 800.000 եվրո արժողությամբ թանկարժեք կահույքի տարբեր խմբաքանակներ, սակայն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում կահույքի վերը նշված իրական արժեքից նշվել է ընդամենը շուրջ 105.000 եվրոն:
Դրանից հետո գործարարը վերոհիշյալ ապրանքների ձեռքբերման իրական արժեքների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում: Արդյունքում պակաս է հաշվարկվել և Ա. Համբարձումյանի կողմից չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 211 մլն ՀՀ դրամի մաքսատուրք և ԱԱՀ, ինչպես նաև դրանցից գոյացած տույժեր ու տուգանքներ:
Բացի այդ, 2003թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը զբաղեցնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը և լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, Արկադի Համբարձումյանը 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր, սակայն դրանում թաքցրել է իրեն պատկանող` 8 մլն ՀՀ դրամից ավելի արժեք ունեցող, 2017 և 2018 թվականներին գնված` թանկարժեք իր հանդիսացող վերոհիշյալ կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 07.03.2022թ.-ին Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ա. Համբարձումյանի կողմից պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը նույն օրը վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: