ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ուկրաինացիներն ունեն «իշխանության շարունակականության» ծրագիր, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպանվի։ Այս մասին նա ասել է կիրակի CBS-ի Face the Nation ծրագրին տված հարցազրույցում:
Պատասխանելով հաղորդավարուհու հարցին առ այն, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները, եթե հանկարծ Զելենսկին սպանվի, Բլինկենն ասել է. «Ուկրաինացիներն ունեն ծրագրեր, որոնց մասին ես չեմ խոսի և մանրամասներ չեմ հայտնի… կա կառավարման շարունակականություն: Ես այսքանով կսահմանափակվեմ»:
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «դատապարտված է պարտության»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։