Հայաստանյան մամուլում մեկուկես օրվա ընթացքում 2657 անդրադարձ է եղել աղամանները սննդի օբյեկտների սեղաններից հեռացնելու կառավարության որոշման մասին։ Մեկուկես օրվա ընթացքում իրեն հարգող ֆեյսբուքան յուրաքանչյուր օգտատեր իր պերսոնալ կարծիքն է հայտնել աղամանների, աղի վնասի եւ կառավարության իդիոտիզմի մասին։
Մեկուկես օր առաջ, ըստ ականատեսների, Հայաստանի խորհրդարանը ընտրել է Հայաստանի հանրապետության հինգերորդ նախագահին։ Հայաստանյան մամուլը նոր նախագահի ընտրությանն անդրադարձել է ութ անգամ ավելի պակաս, քան աղամանի թեմային։ Ավելին, ռուսական որորշ տելեգրամ ալիքներ եւս անդրադարձել են աղամանները սեղաններից չհեռացնելու արդյունքում հայ տնտեսվարողների տուգանքի թեմային։ Հարցումը Եւրեւանի փողոցներում ավելի տխուր էր՝ գրեթե որեւէ մեկը չգիտեր, որ մենք արդեն նոր նախագահ ունենք։
Ու սա ողբերգություն է, պետական ինստիտուտների տոտալ «պոլիշորացում», երբ աղամանի թեման, էն էլ երրորդ աշխարհամարտի ուրվականի ֆոնին, դառնում է օրվա թոփ նյուզն ու որեւէ մեկը չի հիշում, որ աղը սեղանից վերցնելու պատմական օրը մի բան էլ էր ոնց որ եղել՝ ընտրվել էր Հայաստանի հինգերորդ նախագահը։
Եւ շատ տարիներ անց, եթե ինչ-որ մեկը որոշի հաշվել ՀՀ նախագահներին, էս մեկի պահով գրելու է՝ «աղամանները սեղաններից հավաքելու որոշման օրը, ըստ տարբեր աղբյուրների, մի մարդ ընտրվեց Հայաստանի նախագահ»։
Նաիար Զոհրաբյան