Search
Close this search box.

Ուկրաինայում առաջիկա 2 օրերին, ամենայն հավանականությամբ, ավելի շատ զոհեր, վիրավորներ և ավերածություններ կլինեն. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ում կարծում են, որ առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա, ավելի շատ զոհեր և վիրավորներ կլինեն։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Առաջիկա երկու օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, ավելի վատ կլինի՝ ավելի շատ զոհեր, ավելի շատ վիրավորներ, ավելի շատ ավերածություններ կլինեն»,- ասել է նա։

Դաշինքի գլխավոր քարտուղարը պնդել է, որ Ուկրաինան ականատես է լինում «Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենավատ ռազմական ագրեսիայի»։

Ստոլտենբերգը հայտնել է նաև, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայից և սկսել բանակցությունները։ «Մենք նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս պատերազմը, առանց պայմանների դուրս բերել զորքերը Ուկրաինայից և անցնել իրական դիվանագիտությանը»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Կառույցը Ռուսաստանի հետ հակամարտության չի ձգտում, և պատասխանատու է, որպեսզի կոնֆլիկտը դուրս չգա Ուկրաինայի սահմաններին:

«Մենք պատասխանատու ենք, որպեսզի Ուկրաինայում հակամարտությունը չտարածվի իր սահմաններից այն կողմ, դա կլինի ավելի կործանարար և վտանգավոր: ՆԱՏՕ-ն չի ձգտում պատերազմի Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ Դաշինքը միջադեպերից խուսափելու համար կպահպանի ռազմական կապի բաց ուղիները Ռուսաստանի հետ:

Please enter a valid URL