ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը հայտնեց, որ իրենք աջակցում են Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողությունները՝ ընդդեմ Ուկրաինայում ֆաշիզմի և ազգայնամոլության։
«2014 թվականին ԱՄՆ–ի և ԵՄ–ի աջակցությամբ Ուկրաինայում իշխանության եկան ֆաշիստական և ազգայնամոլական ուժեր։ 2014-2022 թթ. ուկրաինական ռեժիմը տաջանքների է ենթարկել և սպանել խաղաղ բնակչությանը` իրենց քաղաքացիներին Դոնբասում։ Արդյունքում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններն առանձնացան ու մինչ օրս պայքարում էին։ Ռուսաստանին այլևս ոչինչ չէր մնում, քան միջամտել՝ իր ազգին փրկելու ֆաշիզմի ճիրաններից»,– ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով` 1941 թվականին Սովետական Միությունը փրկեց ամբողջ աշխարհը ֆաշիզմից, այսօր էլ Ռուսաստանը փրկում է աշխարհը դարչնագույն ժանտախտից։ Ղազարյանի պնդմամբ`Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություններ է իրականացնում, որպեսզի վերացնի իր սահմանների մոտ առկա սպառնալիքները։
ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի կարծիքով՝ Հայաստանը և հայերը պարտավոր են կանգնել Ռուսաստանի կողքին։
ՀՀ սովետական սպաների միության նախագահ, գնդապետ Աշոտ Պապյանն էլ ընդգծեց, որ ՆԱՏՕ–ն ներխուժում է նախկին սովետական միության պետությունների տարածք, և դա կանխելու միակ ճանապարհը եղավ Ուկրաինայում ֆաշիզմի դեմ պայքարելը։
«Այժմ շատ լուրջ աշխատանք է տարվում նաև Հայաստանի ուղղությամբ, և այն միտված է ՀՀ–ից ռուսական զորքերը հանելուն։ Այդ ամենը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանն այլևս գոյություն չի ունենա։ Մենք միշտ լինելու ենք Ռուսաստանի հետ»,– ասաց Պապյանը։
Ելույթներից հետո հավաքվածները սկսեցին բացականչել` «Կեցցե՛ Ռուսաստանը», «Կեցցե՛ հայ–ռուսական բարեկամությունը»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։
armeniasputnik.am