Փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ սկսեց Դոնեցկում, ռուսաստանցիների մեծ հոսք է սկսվել դեպի Հայաստան: Ընդ որում, Մոսկվա-Երևան ավիատոմսերը եւս կտրուկ թանկացել են եւ շատ հաճախ անգամ դժվարությամբ է հնարավոր լինում տոմս գնել:
Պատերազմի պայմաններում ՌԴ քաղաքացիներից շատերն այլընտրանք են փնտրում, տեղափոխվում այլ երկրներ, անգամ փորձում իրենց բիզնեսը տեղափոխել: Եվ այս տեսանկյունից այլըտրանք եւ լավ վայր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը:
Եվ վերջին օրերին իսկապես դեպի Երևան ռուսաստանցիների մեծ հոսք է նկատվում: Զվարթնոց օդանավակայանի կայքի տվյալների համաձայն, միայն մարտի 3-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներից 19 չվերթ է իրականացվել Երևան։ Կանոնավոր չվերթներից բացի արդեն չարտերային թռիչքներ են կազմակերպվում ֆեյսբուքյան հայտարարությունների միջոցով և տեղերը շատ արագ սպառվում են։ Ընդ որում, տոմսերի արժեքը եւս կտրուկ ավելացել է: