Հայտնի են դարձել Կիևի մերձակայքում, Գոստոմելի օդանավակայանում գտնվող աշխարհի ամենամեծ «Մրիա» տրանսպորտային ինքնաթիռի ոչնչացման մանրամասները։
Ռուսական Առաջին ալիքը հայտնում է` աշխարհում միակ ԱՆ-225 օդանավը ոչնչացվել է ուկրաինական հրետանու կողմից, որը գնդակոծել է ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Գոստոմելի օդանավակայանը։ Արկերն ընկել են օդանավարան, որտեղ պահվում էր «Մրիա» ԱՆ-225–ը։
Ավելի վաղ հսկայի ոչնչացման մասին տեղեկությունը հաստատել էր «Ուկրօբորոնպրոմը»։
Ինքնաթիռի վերականգնումը 3 մլրդ դոլար կարժենա։
Օդանավը մեկ օրինակով նախագծել և կառուցել էին ԽՍՀՄ–ում 1984-1988 թվականներին Կիևի մեխանիկական գործարանում։ Առաջին թռիչքը կատարել է 1988 թվականի դեկտեմբերի 21-ին։
Ինքնաթիռը ստեղծել են «Բուրան» տիեզերական մաքոքի տեղափոխման համար։ «Մրիան» սկսել են շահագործել 1989 թվականին։ Ինքնաթիռը կարող էր 150-200 տոննա բեռ տեղափոխել։ Ուկրաինայի անկախության տարիներին «Մրիան» շահագործում էր «Անտոնով» պետական ընկերության «Անտոնովի ավիաուղիներ» դուստր ձեռնարկությունը։ Վերջին անգամ օդ էր բարձրացվել 2020 թվականի մարտին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։