Ազգային ժողովում Վահագն Խաչատուրյանը առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Վահագն Խաչատուրյանն ստացել է 69 կողմ, 0 դեմ ձայներ: Նշենք, որ առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ 81 ձայն:
Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը եւ թեկնածու չեն առաջադրելու:
ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի այդքան ձայն, հետեւաբար, առավել հավանական է, որ ՀՀ նախագահը կընտրվի երկրորդ փուլով, երբ պետք կլինի պատգամավորների 3/5-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին: