ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Մենք ամեն օր հետևում ենք իրավիճակին։ Դուք տեսնում եք, որ յուրաքանչյուր օրվա ընթացքում իրավիճակ է փոխվում։ Մենք, պետական բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային մասին հետևելով, հայտարարելու ենք այն անելիքները, որ ունենք»,– ասաց նա։
Խաչատրյանը վստահեցրեց, որ կառավարությունն ունի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ապահովության բարձիկը` պահուստային ֆոնդը, որը գործադիր պետք է օգտագործի անհրաժեշտության դեպքում։
«Մենք հընթացս կներկայացնենք բոլոր անելիքները, որոնք ֆինանսների նախարարության իրավասության սահմաններում պետք է քննարկվեն և ապահովվեն համապատասխան որոշումներով»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Փետրվարի 28-ին բելառուսա–ուկրաինական սահմանին կայացած բանակցային առաջին հանդիպումից հետո հայտարարություններ եղան այն մասին, որ երկրորդ հանդիպումը կկայանա Լեհաստանի հետ սահմանային հատվածում։