ԱՄՆ ավիացիոն իշխանությունը սպառնացել է ձերբակալել ռուսական ինքնաթիռների օդաչուներին և անձնակազմին, եթե նրանք խախտեն երկրի օդային տարածքի օգտագործման արգելքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԶԼՄ-ներին:
«Շահագործվող ինքնաթիռները, որոնք նշված են հրահանգներում ու չեն ենթարկվում դրան, կարող են առգրավվել, դրանց օդաչուները և անձնակազմի մյուս անդամները կարող են ձերբակալվել ու հարցաքննվել իրավապահ մարմինների կամ անվտանգության աշխատակիցների կողմից», — նշված է Դաշնային ավիացիոն վարչակազմի հաղորդագրության մեջ:
Այնտեղ նշվում է, որ բացառություն կարվի այն ինքնաթիռների համար, որոնք ներգրավված են ավիացիոն իշխանության կողմից հաստատված մարդասիրական գործողություններում, ինչպես նաև դիվանագիտական նպատակներով մեկնող ինքնաթիռները: Սակայն նախապես անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ստանալ տրանսպորտի նախարարությունից: