Search
Close this search box.

Պապիկյանը` վերջին օրերին ԳՇ–ում արվող փոփոխությունների մասին

ՀՀ պաշտպանական գերատեսչությունում ցանկանում են հնարավորություն տալ պատերազմի թոհուբոհով անցած բազմաթիվ երիտասարդ և ունակ կադրերին։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի` ԳՇ–ում իրականացվող փոփոխությունների մասին հարցին։

«Իրականում, եթե մենք հետևենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին ու փոփոխություններին ու միայն ըստ այդմ առաջնորդվենք, հնարավոր է, որ ոչ մի փոփոխություն չանենք։ Վերջին մի քանի տարում զարգացումների ընթացքն այնպիսին է, որ մշտապես տեղի են ունենում իրադարձություններ, որը վաղօրոք հնարավոր չէ կանխորոշել։ Միևնույն ժամանակ, դուք նշում էիք, որ բարեփոխումներն անհրաժեշտ են ու ուշանում են»,– նշեց Պապիկյանը։

Նա ընդգծեց` այսօր չի կարելի հապաղել և իրավունք չկա հապաղելու։ Նախարարի խոսքով` Հայաստանը թևակոխել է բարեփոխումների շատ կարևոր ժամանակաշրջան և վստահություն հայտնեց, որ վաղուց ժամանակն է, որ պաշտպանական գերատեսչությունում հնարավորություն տրվի պատերազմի թոհուբոհով անցած բազմաթիվ երիտասարդ և ունակ կադրերին։
«Չեմ ցանկանում կապել սա անձերի հետ, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չասել, որ ամեն ինչ կախված է անձերից։ ԳՇ–ում իրականացված փոփոխությունը, որն ի դեպ տեղի է ունեցել վերջին իրադարձություններից 1 օր առաջ, բխում է ՊՆ ղեկավարի դիրքորոշումից։ Իհարկե, դա համաձայնեցվում է ՀՀ ղեկավարի հետ։ Ամեն ինչ տեղի է ունենում ըստ ընթացակարգերի և ըստ քաղաքական վերադասության»,– ասաց Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը շեշտեց` իր կարծիքով բոլոր կադրերն իրենց տեղում են և փոփոխություններով որևէ վտանգ կամ խնդիր չեն առաջացրել։ Նա նշեց` բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել արժանավոր պաշտոններ` անկախ նրանց բարեկամ, ծանոթ և այլ կապերից։

Հիշեցնենք` փետրվարի 24-ին Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվել է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Այժմ ԳՇ պետի պաշտոնակատարն առաջին տեղակալ Կամո Քոչունցն է։

Please enter a valid URL