Search
Close this search box.

Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը

«Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը», — լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Թեև Հայաստանը չի արտահայտում իր դիրքորոշումը Ուկրաինայում ծավալվող պատերազմի վերաբերյալ, սակայն պաշտոնական Կիևը լավ ազդակ է համարում ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը։

Ուկրաինայի դեսպանատանը հրավիրած ասուլիսում ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր է Ուկրաինան ակնկալում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանից՝ անդրադարձավ երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում Հայաստանի քվեարկությանը։

Քվեարկվում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քննարկումը Ժնևում կայանալիք 49-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։ Քվեարկությանը մասնակցած երկրներից 29-ը կողմ էին արտահայտվել, 5-ը՝ դեմ, 13-ը, այդ թվում Հայաստանը՝ ձեռնպահ։

«Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Կարծում ենք, որ սա լավ ազդակ է, և հույս ունենք, որ այսպիսի դիրքորոշումը գոնե կշարունակվի», — ասաց Ավտոնոմովը։

Պատերազմի 6-րդ օրն է. Ուկրաինայում այլևս այսպես են հաշվում օրացույցը, ասաց նա։ Ներկայացնելով, թե ինչպես են լուսացրել ուկրաինացիներն անցած գիշերը՝ Ավտոնոմովը տեղեկացրեց, որ ճակատում ռազմական առավելություն չունենալով՝ ռուսներն անցել են ուկրաինական քաղաքների դաժան ռմբակոծություններին։

Please enter a valid URL