Search
Close this search box.

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնող է դարձել

Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրը: Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և, դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին, այդ երազանքն իրականություն դարձրին փոխնակ մոր օգնությամբ:

Այս մասին տեղեկացնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը,նշելով, որ փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել:

«Ամուսինները հուզմունքը չեն կարողանում թաքցնել, մայրը պատմում է՝ բալիկի ծնունդից առաջ շատ անհանգիստ է եղել, հետո երազ է տեսել, ու հասկացել՝ վախենալ պետք չէ՝ Աստված ու հերոս Գարիկն այնպես կանեն, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա: Տիկին Գոհարը չի թաքցնում՝ կարոտել է, երբ իրեն մայրիկ էր ասում որդին, փոքրիկ Գարիկը կօգնի նորից զգալ այդ բերկրանքը»,-ասված է հաղորդագրությունում:

Փոքրիկը ծնվել է 3,450 կգ․ քաշով և 51սմ․ հասակով, նրա ծնունդն ընդունել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար Աշոտ Սիրունյանը: Նորածինն իրեն հրաշալի է զգում և պատրաստվում է տուն գնալ:

Please enter a valid URL