Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պայմաններն են՝ հրադադարը և բոլոր ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։ Այս մասին Արեստովիչը հայտնել է «Իրական ժամանակի»-ի հետ զրույցում:
Նրա խոսքով, միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, «բանակցությունների ընթացքը չի լուսաբանվում այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն եկել ընդհանուր համաձայնության»։
Կիևն առաջին անգամ հրաժարվել է մասնակցել բանակցություններին:
«Մենք գրասենյակում սրտանց ծիծաղեցինք և առաջին անգամ հրաժարվեցինք բանակցել, երբ երկրորդ անգամ խնդրեցին, և հենց այն փաստը, որ իրենք մեզանից են բանակցություններ խնդրում, իմ տեսանկյունից, շատ բան է ասում: Նրանք խոստացան հեռացնել նախապայմանները, որոնք սկզբում էին առաջ քաշել, դրանից հետո նոր պայմանավորվեցինք»,- ասաց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը:
Նա նշել է, որ Ուկրաինայի պայմանները պարզ են՝ զինադադար և ռուսական բոլոր զորքերի դուրսբերում, և դա ուկրաինական կողմից սեղանին է։