Ռուսական բանակը շարունակում է օդային-ցամաքային հարձակողական գործողությունը Ուկրաինայի դեմ, մասնավորապես, վերսկսվել է ռուսական զորքերի տեղաշարժը դեպի Կիև։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին լույս փետրվարի 28-ը տեղեկացրել է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը։
«Օդացամաքային հարձակողական գործողության ընթացքում հակառակորդը շարունակել է կրակային հարվածներ հասցնել ռազմական և քաղաքացիական օդանավակայաններին, հրամանատարական կետերին , հակաօդային պաշտպանության համակարգի օբյեկտներին, կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, բնակավայրերին և պաշտպանական տարածքների ստորաբաժանումներին»,- հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ-ն:
Նշվում է, որ նախորդ գիշեր Պոլեսեում՝ մայրաքաղաք Կիևի ուղղությամբ, ռուսական կողմը վերսկսել է առաջխաղացման փորձերը՝ Դեմիդով գյուղի մոտ Իրպին գետի վրայով պոնտոնային կամուրջ կառուցելով։
Աղբյուրը գրում է, որ Կիևի պաշտպանները գործի են դրել մայրաքաղաքի պաշտպանության խիտ և բազմամակարդակ համակարգ, համակարգված պայքար է տարվում 3-15 հոգանոց փոքր դիվերսիոն խմբերի դեմ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։