Բրյանսկի շրջանի սահմանային անցակետում 30 ուկրաինացի զինվորականներ, այդ թվում՝ Ուկրաինայի սահմանային գոտու և մաքսատան աշխատակիցներ, կամավոր վայր են դրել զենքերը և դիմել Ռուսաստանի զինված ուժերի օգնությանը։
Այս մասին հայտնում է Известия.iz-ը:
Կայքի տվյալներով, երբ նրանց ինքնությունը ճշտվի և գրավոր հրաժարվեն ռազմական գործողություններին մասնակցելուց, նրանք կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքների մոտ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ փետրվարի 27-ին, Խարկովի մարզում 471 ուկրաինացի զինվոր ինքնակամ վայր էին դրել զենքերը և հանձնվել։ Հստակեցվել էր, որ խոսքը Ուկրաինայի զինված ուժերի (ՀԱՈՒ) 302-րդ զենիթահրթիռային գնդի զինծառայողների մասին է։ Մինչ այդ՝ փետրվարի 25-ին, ուկրաինական բանակի 82 զինծառայող Զմեյնի կղզու շրջանում վայր էր դրել զենքերը։ Ռուսաստանի զինված ուժերը նրանցից վերցրել էին ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու ծանուցագիր։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։