Երբ ստեղծվում էր ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գունդը, դիմորդների հետ նաև աշխատանքներ էին տարվում, որպեսզի նրանք տիրապետեն, թե ինչպես պետք է վարվել այն դեպքերում, երբ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, կամ՝ ինչպես առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորին՝ մինչև բժիշկների ժամանումը, կամ հիվանդանոց տեղափոխելը: Պարեկների կողմից նման աշխատանքների հսկողությունը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով դրվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա: Պարեկների կողմից վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ունակությունները յուրացնելու մեջ ակտիվ դերակատարություն են ունեցել ՀՀ ոստիկանության բուժվարչության բժիշկները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 24-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ալեքսանդր Ամիրխանյանն ու Խաչատուր Պետրոսյանը ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա:
Այդ օրը՝ ժամը 04:50-ի սահմաններում, նշված պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Թումանյան փողոցի 22 հասցեի մոտ մի քաղաքացի մարմնական վնասվածքներով, արնաշաղախ ընկած է գետնին: Պարեկներն ահազանգել են համապատասխան վայր, ապա մինչ շտապօգնության ժամանումը, իրենց ավտոմեքենայում եղած բժշկական դեղատուփից հանել են անհրաժեշտ պարագաները և սկսել առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավոին, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Եվ շնորհիվ շտապօգնության հերթապահ բժիշկների և թիվ Համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի, հնարավոր է լինում փրկել այդ երիատասարդի կյանքը: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Նիկոլ Ավետիսյանի գլխավորությամբ, պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարդան Վարդանյանն էր:
Կաճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներով պարզում են, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեի մոտ, դեռևս անհայտ 2 անձինք, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Վ. Վարդանյանի մարմնի տարբեր մասերին, ապա նրան թողնելով անօգնական վիճակում, հեռացել են:
Կենտրոնականի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նրանք են. Երևանի բնակիչներ, 27-ամյա Հովհաննես Հարությունյանը, ով կարճ ժամանակում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել և 28-ամյա Գրիգոր Դեբոյանը, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Վերջիններս կատարվածի մասին խոստովանական բացատրություն են տվել, ապա բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: