Search
Close this search box.

Մեզ համար թանկ են Հայաստանի և Ադրբեջանի հետ մեզ կապող հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն «Արմենպրես» գործակալության հետ զրույցում խոսել է Ուկրաինայի շուրջ իրադարձություններից ու մեր տարածաշրջանում դրա հնարավոր ազդեցությանը։

— Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ֆոնին կա մտավախություն, որ Ադրբեջանը, օգտվելով իրադրությունից, կարող է լարել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: Ռուսաստանն արդյոք դիտարկում է Բաքվի կողմից նման քայլի հնարավորությունը և ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկում՝ թույլ չտալու Հարավային Կովկասում լարվածության նոր օջախի ի հայտ գալը:

— Դուք լավ գիտեք, որ մեզ համար թանկ են երկու երկրների հետ մեզ կապող հարաբերությունները և դրանք դիտարկում ենք որպես կարևոր գործոն՝ տարածաշրջանում պահպանելու անվտանգությունն ու խաղաղությունը: Հատկապես այն պատճառով, որ դա թույլ է տալիս Ռուսաստանին միջնորդի դեր խաղալ արդեն առկա ու ի հայտ եկող խնդիրների կարգավորման գործում:

Մենք այս գործոնն օգտագործում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ակտիվ ջանքերում, այդ թվում և սահմանային հարցերի կարգավորումը, տարածաշրջանի խաղաղ ու անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծումը: Բնականաբար, շատ կարևոր է, որ այս ջանքերը ամրապնդվեն երկու կողմերի քաղաքական կամքով, նրանց պատրաստակամությամբ՝ փոխընդունելի լուծումներ և պայմանավորվածություններ որոնելու հարցում: Երևանի ու Բաքվի հետ ակտիվորեն աշխատում ենք դրա շուրջ:

Եվ իհարկե, մեզ համար կարևոր է, որ Հայաստանը, հայ ժողովուրդն իրենց անվտանգ զգան: Դրա երաշխավորը մեր դաշնակցային հարաբերություններն են, մեր երկրների՝ դրանք խորացնելու ու ամրապնդելու ուղղվածությունը:

— Հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները ու ռուսական արժույթի արժեզրկումը ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա:

— Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը չի ճանաչում միակողմ պատժամիջոցները: Մենք դրանք համարում ենք անօրինական և միազգային իրավունքի ոգուն ու տառին հակասող, համաձայն որի՝ հարկադրանքի մեթոդներ կարող է ձեռնարկել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Դրա հետ մեկտեղ, ռուսական տնտեսական ու ֆինանսական համակարգի ղեկավարությունը, սթափ գնահատելով «պատժամիջոցային ցասումը», որում գտնվում են շատ արևմտյան քաղաքական գործիչներ, ժամանակին ձեռնարկել են համապատասխան հակաքայլեր: Կայուն բանկեր, առևտրային և ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգեր, ներմուծման փոխարինման ակտիվ աշխատող ծրագիր. շատ բան է արվել տարիների ընթացքում՝ այն պահից ի վեր, երբ արևմտյան գործընկերներն առաջին անգամ պատկերացրին, թե ի զորու են ստիպել մեզ պատժամիջոցների ճանապարհով հրաժարվել սեփական ազգային շահերը պաշտպանելու սուվերեն իրավունքից: Միայն հիշեցնեմ, որ Վաշինգտոնի կողմից վերջերս ընդունած պատժամիջոցների փաթեթը դարձավ արդեն «հետհոբելյանական» 101-րդը: Եվ այս ուղղությամբ դեռ շատ բան է արվելու:

Մշակված գործիքակազմը վերաբերում է նաև մեր օտարերկրյա գործընկերների հետ առևտրատնտեսական հարաբերությունների պաշտպանությանը, հատկապես նրանց հետ, ում հետ մեզ միավորում են ընդհանուր ինտեգրացիոն մեխանիզմները։ Ի դեպ, խորհրդանշական է, որ «պատժամիջոցների ցասման» նոր փուլը համընկավ Ղազախստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հաջող նիստի հետ, որում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մ.Վ. Միշուստինը հայտարարեց նոր ինտեգրացիոն նախագծի՝ «Եվրասիական ագրոէքսպրես»-ի մասին, որը նախատեսված է մասնակից երկրների միջև պարզեցնելու և արագացնելու լոգիստիկ ընթացակարգերը գյուղատնտեսական ապրանքների առևտրի մեջ:

Please enter a valid URL