Այսօր առավոտյան Կիեւում հերթական օդային տագնապն է հայտարարվել։ Քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորել են մնալ տանը, իսկ ազդանշանի դեպքում՝ թաքնվել ապաստարանում, հաղորդում է «Укринформ»-ը։
«Ուշադրությո՜ւն։ Կիեւում հերթական օդային տագնապն է հայտարարվել։
Բոլորին խնդրում ենք շտապ տեղափոխվել քաղաքացիական պաշտպանության ապաստարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մետրոյի կայարանի կարմիր գծերն աշխատում են միայն ապաստարանային ռեժիմով։ «Կայարանների միջեւ գնացքները չեն շարժվում։ Գնացքների տեղաշարժը մետրոյի կապույտ եւ կանաչ գծերով իրականացվում է բնականոն ռեժիմով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կիեւի քաղաքային ադմինիստրացիան հայտնել է, որ մայրաքաղաքի փողոցներում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Այս մասին ասվում է Telegram-ի ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Ուշադրությո՜ւն, մայրաքաղաքի բնակիչնե՛ր։ Մեր քաղաքի փողոցներում այժմ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Խնդրում ենք հանգստություն պահպանել եւ առավելագույնս զգույշ լինել»,-ասել է վարչակազմը։
Ավելի վաղ հաղորդվել է շարք քաղաքներում օդային տագնապի մասին, մասնավորապես՝ Վինիցայում, Ռովնոյում, Խերսոնում, Չերկասում, Լվովում, Չեռվոնոգրադում, Ումանում եւ Լուցկում։