Search
Close this search box.

Անկարան հայտարարել է Պուտինի և Զելենսկու հանդիպումը ընդունելու պատրաստակամության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

«Հիմա գլխավորը հանդիպման վայրը չէ, այլ հենց հանդիպման փաստը, որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները հանդիպեն և ելք գտնեն ստեղծված իրավիճակից: Իհարկե, եթե նրանք ցանկանում են նման հանդիպում անցկացնել Թուրքիայում, մենք հաճույքով կանցկացնենք այն»,- ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Please enter a valid URL