Ռուսական բանակը Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 211 օբյեկտ է շարքից դուրս բերել, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի Զինված ուժերն ընդհանուր առմամբ շարքից դուրս են բերել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 211 օբյեկտ։ Այդ թվում Ուկրաինայի ԶՈւ կառավարման և կապի հանգույցների 17 կետ, Ս-300 և «Օսա» ՀՕՊ զենիթահրթիռային 19 համալիր, 39 ռադիոլոկացիոն կայան։ Խոցվել է 6 մարտական ինքնաթիռ, 1 ուղղաթիռ, 5 անօդաչու թռչող սարք», – ասել է Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ ոչնչացվել է 67 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի 16 ռեակտիվ համակարգ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 87 միավոր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռազմական գործողությունը շարունակվում է արդեն երկրորդ օրը։