Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինն ագրեսոր է, Պուտինն ընտրեց պատերազմը․ Բայդեն

Մենք շաբաթներ շարունակ զգուշացրել ենք, որ դա տեղի կունենա։ Այս մասին իր ուղերձի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ խոսելով այսօր մեկնարկած Ուրաինա-Ռուսաստան պատերազմի մասին։

Նա նշեցլ է, որ ԱՄՆ-ն կսահմանափակի դոլարով, եվրոյով և իենով գործարքներ անելու ռուսական բիզնեսի հնարավորությունը։ Այսօր նոր պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի դեմ։

«ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանում VTB-ի և երեք այլ պետական ​​բանկերի դեմ։ Նոր պատժամիջոցները սահմանափակելու են բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան, ներառյալ՝ տիեզերական արդյունաբերությունը։ Պատժամիջոցները կազդեն ռուսական բարձր տեխնոլոգիաների ներմուծման ոչ ծավալի կեսից ավելիի վրա»,-նշել է նախագահը։

Միևնույն ժամանակ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը չեն մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի գործողություններին պատասխանելու ծրագիր է մշակում, ԱՄՆ-ը նոր ուժեր կտեղակայի Եվրոպայում, այդ թվում՝ Գերմանիայում։ Կուժեղացվի արևելյան եզրը՝ Էստոնիան, Ռումինիան, Լեհաստանը և Լիտվան։

«Եթե Ռուսաստանը կիբերհարձակումներ նախաձեռնի ԱՄՆ-ի նկատմամբ, ապա մենք կոշտ պատասխան կտանք։ ԱՄՆ նավթային ընկերությունները չպետք է օգտագործեն պահը և թանկացնեն գները։ Մենք բանակցում ենք նավթի խոշորագույն արտադրողների հետ»,-նշել է նա։

ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է՝ այժմ պայքար է գնում ժողովրդավարության և ավտորիտար ռեժիմի միջև․ «Հաղթելու է ազատությունը, հաղթանակած դուրս կգան ազատ երկրների ժողովուրդները»։

Բայդենը Պուտինի հետ բանակցություններ վարելու պլաններ դեռ չունի։

«Ես կարդացել և լսել եմ Պուտինի ելույթները։ Նա հսկայական հավակնություններ ունի, Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Please enter a valid URL