«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մոտ 30 ուսանողի և մի քանի պատգամավորների հետ հանդիպումներ։ Հանդիպումներին մասնակից ուսանողներից մեկը մեզ մանրամասներ է ներկայացրել հանդիպումներից: Երբ նրանք զայրացած դուրս եկան նիստերի սրահից, պատմեցին, որ բոյկոտեցին ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ հանդիպումը: Ասել է թե՝ Արման Եղոյանի հետ ուսանողների հանդիպումն ավարտվել է սկանդալով, ուսանողները սենյակում մենակ են թողել Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահին և դուրս եկել։
Ի՞նչն էր պատճառը. հանդիպման մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ երբ ուսանողները խոսել են դիվանագիտության մասին և, որպես բացասական օրինակ, մատնանշել ոչ դիվանագետ Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու փաստը` ասելով, թե, փաստորեն, ոչ թե կրթությունն է կարևոր, այլ ծանոթ ունենալը, ի պատասխան Եղոյանն արձագանքել է, թե ավելի լավ է նրանք հողափորություն սովորեին, քան միջազգային հարաբերություններ։
Նա բացատրել է Մակունցի նշանակումը այն հանգամանքով, որ վերջինս կգա և վարչապետին կզեկուցի այն ամենը, ինչ կատարվում է, իսկ դիվանագետները ամեն ինչ չէ, որ զեկուցում են վարչապետին։ Եվ այս հանգամանքն էլ զայրացրել է ուսանողներին, նրանք բղավել են ու զայրացել իրենց հողափոր դառնալու ճանապարհ ցույց տալու համար և դուրս եկել նիստերի դահլիճից։
Ինչու՞ է պատգամավորը վիրավորել ուսանողներին. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ Արման Եղոյանն ասաց. «Ասել եմ, որ կան դեպքեր, երբ որոշակի քանակով պետք է լինեն դեսպանների քաղաքական նշանակումներ՝ կապված երկրների հետ հարաբերություններից։ Ու դա եղել է բոլոր ղեկավարների օրոք, իսկ մեր իշխանության ժամանակ քաղաքական նշանակումները ամենաքիչն են»: Եղոյանի խոսքով՝ միգուցե ուսանողների մոտ տպավորություն է եղել, թե թերագնահատում է իրենց մասնագիտությունը, սակայն, հակառակը, բարձր է գնահատում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում