Search
Close this search box.

Ի՞նչու է իրականում մտահոգել Լևոն Տեր-Պետրոսյանին Հիսուսի արձանի կանգնեցումը

Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ ներկայացրել է մտորումներ,  իր բնորոշմամբ` մտահոգիչ զարգացումների վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը մտահոգիչ է համարում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցումը: 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեությանը մենք դեռ շատ ժամանակ ունենք անդրադառնալու, հիմա մի փոքր քննարկենք Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման նախաձեռնությունը նրա կողմից մտահոգիչ համարելու հանգամանքը:

Տեր-Պետրոսյանը արձանի կանգնեցման մասով ասում է, որ դա բացառապես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու իրավասության ոլորտն է: Եթե Տեր-Պետրոսյանը համարում է, որ դա Հայ Առաքելական եկեղեցու իրավասության ոլորտում է, ապա ինչու է ինքն անդրադառնում արձանի կառուցմանը և այն համարում մտահոգիչ:

Կա Հայ Առաքելական եկեղեցի, թող նա էլ որոշի՝ որքանով է նպատակահարմար արձանի կառուցումը: Տեր-Պետրոսյանը գրում է, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է կտրականապես մերժի արձանի կանգնեցման գաղափարը, որովհետև այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին:

Սա ևս Հայոց եկեղեցու գործերին կոպիտ միջամտություն է, քանի որ Հայ aռաքելական եկեղեցին կարող է ինքը որոշել, որն է հակասում իր սրբագործված ավանդույթին, իսկ ինչը՝ ոչ: Առավել ևս, որ եկեղեցին արդեն իր որոշումը կայացրել է և Կաթողիկոսարանի արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանի բերանով իր օրհնությունն է փոխանցել արձանի կառուցման նախագծերը քննող հանձնաժողովին՝ արձանի կառուցումը համարելով մեր հավատքի և ազգային մտածողության մարմնացումը:

Կարող էր Տեր-Պետրոսյանը չիմանալ, որ Հայ eկեղեցին արդեն իր դրական վերաբերմունքն արտահայտել է այս նախագծի վերաբերյալ: Սկզբունքորեն կարող էր, բայց այդ դեպքում դա իր և իր աշխատակազմի թերացումն է, որն ի դեպ պետական ֆինանսավորում ունի: Իսկ եթե Տեր-Պետրոսյանը եկեղեցու վերաբերմունքը իմանալով է նման կարծիք հայտնում՝ կնշանակի, որ նա ուղղակի ուզում է ասել, որ Հայոց Հայրապետն և եկեղեցու ներկայացուցիչները իրենց գործողություններով խախտում են Հայ եկեղեցու ավանդույթը, ըստ էության ծառայություն մատուցում Հայ եկեղեցու դեմ արշավ սկսած իշխանությանը, դառնալով այդ արշավի շարքային ակտիվիստ:

Հնարավոր է կա նաև խնդրի մյուս կողմը, այսպես կոչված կենցաղայինը: Տեր-Պետրոսյանը տարիներ շարունակ օգտվել է Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությունից, դրա դիմաց նրան հռչակելով բուրժուադեմոկրատական հեղափոխության առաջնորդ:

Սակայն ամենավճռական պահին քցել է առաջնորդին ու թռել նրա վրայից: Տեր-Պետրոսյանի համար գուցե անընդունելի է, որ Ծառուկյանը գումարներ է ծախսում, ոչ թե իր քաղաքկան թիմի կերակրման, այլ ազգային և հոգևոր կարևոր նախագիծ իրականացնելու համար: Մի խոսքով, փողը անցնում է իր կողքով ու ինքը դրանից ոչ մի օգուտ չի ստանում: Սա իրոք կարող է մտահոգել Տեր-Պետրոսյանի նման մարդուն և նա չէր կարող իր այդ մտահոգությունը չարտահայտել հրապարակայնորեն:

Դրա համար Գագիկ Ծառուկյանին կարող ենք խորհուրդ տալ՝ Երևանում կանգնեցնել «Քցողի» ու «Թռնողի» արձանները, որպեսզի մարդիկ դրականի հետ տեսնեն նաև բացասական հերոսների մարմնացումը: Եվ հասկանան, որ գնահատվում և արժևորվում է ոչ միայն լավը, այլ նաև երբեք մոռացության չի տրվում վատն ու արգահատելին:

ArmLife.am

Please enter a valid URL