Փետրվարի 23-ին ՀՀ հակադոպինգային գործակալությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ 2022 թվականի Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացած 48կգ քաշային Լիլիթ Դալլաքյանի դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ):
Տեղական լրատվամիջոցները, չսպասելով հետաքննության ավարտին, անմիջապես տարածեցին ոչ այնքան հաճելի և դեռևս չճշտված տեղեկատվությունը:
Անկախը, կապ հաստատելով մարզուհու հետ, փորձեց պարզել եղելությունը.
-«Ֆուրոսեմիդը» միզամուղ դեղամիջոց է: Ես այն օգտագործել եմ ՀՀ առաջնությունից 3֊-4 օր առաջ օրգանիզմիցս ավելորդ ջուրը հեռացնելու նպատակով, արագ քաշի նվազեցման համար, քանի որ բավական ուշ տեղեկացա իմ մասնակցության մասին, իսկ այդքան կարճ ժամանակում արագ քաշ իջեցնել հնարավոր չէր։
-Դոպինգ նմուշառումը ե՞րբ է կատարվել:
-Մենամարտից հետո։ Աղջիկ մասնակիցներից միայն ես եմ հանձնել, քանի որ ես էի միջազգային մրցաշարերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հավակնորդը։
-Դեղամիջոցի ընդունման մասին տեղեկացրե՞լ էիք:
-Իհարկե: Հունվարի վերջին ինձ ասացին, որ պատասխանը կստանամ մեկ շաբաթվա ընթացքում։ 1 շաբաթից էլ բավական երկար ժամանակ անցավ, և այսօր անսպասելի տարածվեց այս տեղեկատվությունը, որը ոչինչ չի նշանակում, բայց շատ բացասական ազդեցություն է թողնում:
Ես նախապես զգուշացրել էի, որ օգտագործել եմ «Ֆուրոսեմիդը» այդ ժամանակահատվածում: Միայն այդ ժամանակ տեղեկացա, որ դա արգելված դեղամիջոց է։ Ընդունում եմ, որ այս ամենն իմ անտեղյակ լինելու պատճառով է, բայց անտնդունելի է, երբ որոշ լրատվամիջոցներ իրենց դիտելիությունը բարձրացնելու նպատակով հրապարակում դեռևս չհաստատված տեղեկատվությունը՝ երկիրը ներկայացնող մարզուհու վերաբերյալ։