Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
«2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:
Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն: Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն»,- ասված է հաորդագրության մեջ: