ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը:
Փետրվարի 22-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ ակցիա են իրականացրել Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների դեմ:
Ակցիան կրել է բացառապես խաղաղ բնույթ: Ակցիայի մասնակիցները նպատակ են ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղ ըստ տեղեկությունների գտնվում էին պատվիրակության անդամները, պաստառներով և կոչերով թշնամական երկրի պատվիրակներից պահանջել անմիջապես բաց թողնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական օկուպացված տարածքներից:
Խաղաղ ակցիայի ընթացքը խոչընդոտվել է ՀՀ ոստիկանության կողմից, որի ներկայացուցիչները բիրտ, անօրինական և անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 25 անձ:
Բերման ենթարկվածների թվում եղել են նաև ակցիային չմասնակցող քաղաքացիներ, պատերազմի մասնակցածներ, իգական սեռի ներկայացուցիչներ և անչափահաս անձ:
Բերման է ենթարկվել նաև աշխատանքային պարտականությունները կատարող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողը:
Ոստիկանական գործողությունների արդյունքում կոտրվել է բերման ենթարկված անձանցից մեկի ձեռքը:
Ոստիկանական ապօրինությունները շարունակվել են նաև բաժանմունքում, որտեղ բերման ենթարկվածների հակաիշխանական վանկարկումներին ի պատասխան, Ոստիկանության աշխատակիցները դիմել են բիրտ ուժի:
Փաստի առթիվ Ոստիկանությունում բոլոր բերման ենթարկվածների դեմ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ Ոստիկանության այսօր տարածված հայտարարությունում ակնհայտորեն նենգափոխված են տեղի ունեցած իրադարձությունները և կատարվածի պատճառահետևանքային կապերը:
ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը, որը գնահատում ենք որպես ՀՀ ներկա իշխանությունների կողմից վարվող հակահայ քաղաքականության ակնհայտ դրսևորում:
Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան անձանց և կազմակերպություններին, միջազգային կառույցներին հստակ գնահատական տալ ՀՀ ոտիկանության փետրվարի 22-ի ակնհայտ ապօրինի գործողություններին։