Search
Close this search box.

Ռուսական զորքն Արցախում կկիրառվի՞ հռչակագրով նախատեսված գործողությունների համար

Մոսկվան և Բաքուն մտադիր են զարգացնել ռազմաքաղաքական համագործակցությունը և կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը, ասված է Ռուսաստանի Դաշնության և Բաքվի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում։

«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են իրենց ջանքերը՝ հակազդելու և չեզոքացնելու միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության սպառնալիքները…», – նշված է փաստաթղթում։ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն կանխում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անհատների գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ​​ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»,- ասվում է փաստաթղթում։

Բաքվի և Անկարայի կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացումից հետո Պուտինի և Ալիևի ձեռք բերած պայմանավորվածությունները լիովին համապատասխանում են Հայաստանին վերագրվող «սպառնալիքներին»։ Ալիևը չի հոգնում ասել, որ Հայաստանը «ռևանշ է պատրաստում», նրան երկրորդում է Մոսկվան՝ հայտարարելով, որ եռակողմ պայմանավորվածությունները պետք է խստորեն կատարվեն, ինչը նշանակում է, որ պետք է ճանաչել ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմի արդյունքները։ Մոսկվան և Բաքուն միաձայն ասում են, որ Ղարաբաղը «Ադրբեջանի մասն է», ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում չի կարող լինել քաղաքական կարգավորում և չի կարող լինել կարգավիճակ։

Բաքվի և Մոսկվայի այս դիրքորոշումների դեմ ուղղված հայկական կողմի բոլոր հայտարարությունները, քայլերն ու մտադրությունները, ըստ էության, այսուհետ կարող են համարվել ոտնձգություն նրանց դեմ եւ կճնշվեն ռազմական ճանապարհով։ Ինչպիսի՞ն կլինի այն գետնի վրա: Արդյո՞ք նոր հռչակագիրը նշանակում է, որ եթե Արցախում անցկացվեն, ասենք, ընտրություններ կամ իրավունքների ու պահանջների հռչակում, ապա դա կդիտվի որպես սպառնալիք, և Արցախում տեղակայված ռուսական զորքերը պարտավոր կլինեն կանխել այդ իրադարձությունները։
lragir.am

Please enter a valid URL